՛՛Մանկավարժականում շրջելը շատ հետաքրքիր է՛՛Այցի ընթացքում աշակերտները շրջեցին համալսարանի թանգարանում, ծանոթացան բուհի պատմությանը, գործունեությանը՝ հիմնադրումից մինչ օրս: Աշակերտները խստապահանջ այցելուների նման հետաքրքրվում էին թանգարանի յուրաքանչյուր ցուցանմուշով՝ հուշանվերներից մինչև կիսանդրիներ, սակայն նրանց առավել քան զարմացնում և ուրախացնում էին անվանի շրջանավարտների մասին պատմող սրահները:
aspu.am-ի հետ զրույցում մեթոդիստ Սուսաննա Պետրոսյանը հավաստիացրեց՝ այդ դպրոցում պրակտիկա անցնող 2-3-րդ կուրսերի ուսանողներն աշակերտների շրջանում ստեղծել են բուհի հանդեպ մեծ հետաքրքրություն. «Այցի նպատակն է ստեղծել ամուր կապ համալսարանի և դպրոցի միջև՝ միևնույն ժամանակ նպաստելով նրանց մասնագիտական կողմնորոշմանը»:4-րդ դասարանի աշակերտ Վիգեն Հակոբյանն արդեն որոշել է՝ գեղանկարիչ է դառնալու. թանգարան այցելությունը ստիպել է մտածել հենց Մանկավարժականում այդ մասնագիտությունն ստանալու մասին: «Խաչատուր Աբովյանի եռաչափ պատկերն ամենատպավորիչն էր ինձ համար. այդ մասին կպատմեմ նաև ընտանիքիս անդամներին և ընկերներիս»,-նշեց Վիգենը և թանգարանի գրառումների մատյանում գրեց այցի մասին իր տպավորությունները: 6-րդ դասարանի աշակերտ Աշոտ Բարեղամյանին բուհն ամենից շատ գրավեց իր անվանի շրջանավարտներով: Տեսածով և լսածով տպավորված՝ Աշոտը վստահեցրեց. «Սովորելու եմ Մանկավարժականում և դառնալու եմ երաժիշտ. ուզում եմ, որ համալսարանը դառնա ավելի ճանաչված»: Այցի ավարտին աշակերտներին սպասվում էր հաճելի անակնկալ. քանոնի, կիթառի, ջութակի և երգչախբի կատարումներով համերգը ամփոփեց նրանց մեկ օրը Մանկավարժական համալսարանում: |
Դպրոցի աշակերտները Մանկավարժականում |