Արյանս հիշողությունը

Ցավ կա, որը չի դարմանվում, որը մեղմելու հարցում անզոր է նաև ամենազոր ժամանակը, ամենազոր դարը։ Ցավ կա, որ երկժանի սեպի նման խրվում է ազգի պատմության սիրտը, և ոչնչով չես կարող այն հանել, և որի մասին բարձրաձայն խորհելիս սիրտդ չի թեթևանում։ Ցավ կա, որ ֆիզիկապես չես ապրել, այլ հոգիդ է ցավեցրել, սիրտդ ճմլել, մտել արյանդ հիշողության մեջ ու քեզ տանջել․․․
Կգա նորից ապրիլը, արյունոտ 24-ը․․․ Օր, որը դեռ երկար տարիներ օրացույցում սևով կգրվի՝ թողնելով մի անջնջելի բիծ հայի հիշողության ծալքերում։
Բոլորի հետ ես էլ նորից գլխիկոր կբարձրանամ Ծիծեռնակաբերդի բարձունքը, ծաղիկներ կդնեմ անմար կրակի շուրջ, մոմ կվառեմ, ողորմի կասեմ սասունցի իմ նախնիներին ու կհիշեմ հորս՝ Գրիգորյան Ղուկասի արտասվախառն աչքերը, կհիշեմ նրա «Քելե՛, լա՛ո, քելե էրթանք մեր Էրգիր» սրտակեղեք երգը, կհիշեմ պապիս՝ սասունցի Գփո Թաթոյի ողբերգությունը․․․ Եղեռնի արհավիրքներ տեսած պապս՝ Թադևոս Գրիգորի Գրիգորյանը, ապրել է 105 տարի (1855-1960 թվ․)։ Ծնվել է Սասուն գավառի Առտկունք գյուղում, շինականի ընտանիքում։ Գյուղացիները սիրով նրան անվանել են Գփո Թաթո։ Գփո նշանակել է փոս (պապիս գյուղը գտնվել է ձորի մեջ)։ Պապս, հորս պատմելով, եղել է առնական, բարձրահասակ, թիկնեղ տղամարդ, կապուտաչյա, շիկահեր։
Բնավորությամբ՝ աշխատասեր, ազնիվ, առատաձեռն ու բարի։ Պապս ունեցել է երկվորյակ քույր՝ Եվա անունով մի չքնաղ գեղեցկուհի, որին 16 տարեկանում թուրքերը փախցնում են։ Սակայն նա, անարգանքից խուսափելով, անձնասպան է լինում․ ձորից ցած է նետվում։
Գրիգորյանների գերդաստանը՝ 60 հոգուց բաղկացած, Մեծ Եղեռնի ոճրագործությանը զոհ է դառնում։ Անողոք թուրքերը, մարագի մեջ լցնելով բոլոր Գրիգորյաններին, միասին ողջ-ողջ այրում են։ Փրկվում է միայն պապս իր կնոջ՝ Եղիսաբեթի հետ։ Նրանք, անտեղյակ կատարվածից, ջարդի ժամանակ սարերն են բարձրացել։ Լսելով սարսափելի բոթը՝ սարերից շտապ իջնում են գյուղ ու ականատես լինում ահասարսուռ մի տեսարանի՝ մոխրացած դիակներ, քանդված շեն ու ավերված օջախ․․․ Ցավից, վշտից դառը ողբում են ու բռնում գաղթի ճամփան, սպանդից փրկված մի քանի համագյուղացիների հետ։
Երկար դեգերելուց հետո հանգրվանում են Կրասնոդարի Արմավիր քաղաքում։ 15 տարի ապրում են այնտեղ՝ Էրգրի կարոտը սրտում, մեծ ողբերգությունը իրենց հուշերում։ 1930 թվ․ վերադառնում են Հայաստան։ Աշտարակի Ավան գյուղում՝ Կապույտ աղբյուրի մոտ, տուն են կառուցում, զբաղվում անասնապահությամբ ու հողագործությամբ։ Ապրում են ամուսինները ազնիվ աշխատանքով, լի, առատ ու բարեկեցիկ կյանքով։ Պապս էությամբ ըմբոստ լեռնեցի էր, չի միանում կոլեկտիվ տնտեսությանը, մնում է մենատնտես։ Գյուղացիները նրան անվանում են Աղա Թադևոս։ Սակայն նրանց Աստված զավակ չի պարգևում, Եղիսաբեթ տատս չի վայելում մայրության բերկրանքը։ Տարիները անցնում են, կինը անհանգստանում է, որ Գրիգորյանների գերդաստանի ծուխը մարում է։ Ամուսնուն անընդհատ հորդորում է, որ նոր կին բերի, զավակ ունենա։ Ամուսինը չի համաձայնվում։ Սակայն անկոտրում կամքի, կորովի քաջ բնավորության տեր կինը իր ամուսնու համար նոր կին է ընտրում՝ 45 տարեկան իմ լուսահոգի Մարիամ տատիկին, որի ամուսինը զոհվել էր և ուներ մինուճար դուստր։ Մարիամի ընտանիքը ևս ճաշակել էր գաղթի սարսափները։ Պապս 75 տարեկանում ամուսնանում է սասունցի Մարիամի հետ և խնամքի տակ վերցնում կնոջ դստերը։ Ծնվում է նրանց մահացած առաջնեկը, մեկ տարի հետո ծնվում է հորաքույրս, իսկ երբ պապս 78 տարեկան էր՝ հայրս։ Մի տան մեջ խաղաղ, հաշտ ու համերաշխ ապրում են պապս, երկու տատիկներս, իրենց զավակների, իրենց վերագտնված ուրախության ու երջանկության հետ։ Մարիամ տատս զբաղվում էր տան գործերով, իսկ Եղիսաբեթ տատս, որը տառաճանաչ էր՝ երեխաների դաստիարակությամբ ու կրթությամբ։ (Եղիսաբե՛թ տատ, ես միշտ հպարտացել եմ քո վեհ ու առաքինի կերպարով)։ Գաղթի ու դառը ցավի փորձություններ ապրած իմ սասունցի պապը արցունքոտ աչքերով, դողացող ձեռքերով գրկում էր հորս ու քթի տակ մրմնջում․ «Քելե՛, լա՛ո, քելե էրթանք մեր Էրգիր» երգը․․․
1960թ․-ին, 105 տարեկան Գփո Թաթո պապս հոգին ավանդում է։ Համագյուղացիներից յուրաքանչյուրն իր տան առջև, հոգեհացի սեղան է բացում, ողորմաթաս խմում, հիշում պապիս բարի գործերը, թե ինչպես է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, սովի տարիներին կերակրել հարևաններին, համագյուղացիներին։
Ամեն գարնան հետ, երբ գալիս է ապրիլը, ես հիշում եմ հորս պատմածը, աչքերս մրմռում են մեր այրված գերդաստանի ծխից, ականջիս են հասնում անմեղ մարդկանց սարսափազդու ճիչն ու աղաղակը, մամիկներիս աղոթքների մրմունջը, կոկորդս սեղմվում է ցավից։
Հիշում եմ հորս արցունքոտ աչքերը, մեր գերդաստանի պատմությունը, պապիկիս ողբերգությունը, և հոգիս ցավից բռունցք է դառնում։ Բռունցք է դառնում, որ ջարդի մարդակործան, կյանքահատող ոճիրներ կազմակերպողների նեղճակատ, անուղեղ գլուխները։ Պապս իր ողբերգության հիշողության բանալին փոխանցել է ինձ, իսկ ես այն շատ-շատ խորը ակոսել եմ, որ պատմեմ իմ ապագա թոռներին արյանս հիշողությունը։ Իմ շատ սիրելի՛ հայրիկ և պապիկ, թանկագին տատիկներ, ձեր հոգիները հիմա միասին են երկնքում, ես աղոթում եմ ձեզ համար, ննջեք խաղաղ հոգով։ Արևմտյան Հայաստան այցելելիս ձեր հոգիները ինձ հետ էին, տեսել եմ մեր Էրգիրը ձեր աչքերով․․․
Հազար ողորմի մեր նախնիներին ու հազար ափսո՜ս նրանց կորցրած անուրջներին։
Սուսաննա Գրիգորյան
Ստ․ Շահումյանի անվան թ․1 հիմն․ դպրոցի ուսուցչուհի