Երբ գալիս է սեպտեմբերը...Իմ դստրիկն էլ՝ Արևիկ Սարգսյանը, առաջին անգամ դպրոց գնաց՝ Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 կրթօջախը: Ծաղիկներ, օդապարիկներ, հուզմունքներ, ելույթներ, առաջին դաս …
Նախ՝ դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը ելույթ ունեցավ դպրոցի առջև, ողջունեց բոլոր դպրոցականներին ու հատկապես առաջին դասարանցիներին, ապա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքը կարդաց քաղաքապետարանի ներկայացուցչուհին, ու առաջին դասարանցիները ծնողների հետ առաջին անգամ որպես դպրոցականներ մուտք գործեցին կրթօջախ: Դասղեկ Նաիրա Դավթյանն անսահման սիրով ու ջերմությամբ ընդունեց առաջին դասարանցիներին, որոնցից շատերն, ի դեպ, դպրոցի նախկին սաների զավակները կամ թոռնիկներն էին, նաև՝ անցած ուստարում տարրական դասարանից հիմնականն անցած դասարանում ավագ երեխա – աշակերտների փոքրիկ եղբայրներ – քույրիկները: Նաիրա Դավթյանը ծնողներիս կոչ արեց համատեղ աշխատել, որպեսզի երեխաները սիրեն դպրոցն ու գիրքը, լավ սովորեն, ցուցումներ տվեց, թե ինչպես անել դրան հասնելու համար: Այնուհետև դասղեկը բաժանեց աշակերտների Այբենարանները, Մաթեմատիկայի ու գծագրության, երգեցողության ալբոմները, որոնց հետ առաջին հաղորդակցությունը մի առանձնահատուկ հուզում էր առաջացրել շատ առաջին դասարանցիների մոտ: Առանձնահատուկ սիրով ու քնքշությամբ դասղեկ Նաիրա Դավթյանը առաջին դասարան հաճախող փոքրիկներին ուղեկցեց՝ ծանոթացնելու դպրոցին, իսկ քիչ անց բոլորը հավաքվեցին դպրոցի դահլիճում, որտեղ բարձր դասարանցիները ողջունեցին առաջիններին, իսկ վերջիններս մեկական բանստեղծություն էին պատրաստել դպրոցի թեմաներով: Եղան նաև աշակերտների ստեղծագործական ներուժով պատրաստված պարային ու նվագակցության ելույթներ, որոնք առանձնակի ջերմությամբ ընդունվեցին դպրոցականների ու նրանց ծնողների կողմից: Շնորհավորում ենք բոլոր դպրոցականներին ու ուսանողներին գիտելիքի իրենց տաճարները մտնելու կամ վերադառնալու առիթով, թող որ յուրաքանչյուրի համար կանաչ լույս վառվի ու անամպ երկինք ու խաղաղություն լինի գիտելիքի ծովից պտուղներ քաղելու ճանապարհին … Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ; Գլխավոր խմբագիր |
|